«Եթե մենք հստակ ինֆորմացիա ունենանք, որ հակառակորդը պատրաստվում է հարձակվել Ղարաբաղի կամ Հայաստանի վրա, մենք պետք է առաջինը գործենք». Լևոն Ստեփանյան

«Ես զինվորական եմ ու այնպես եմ դաստիարակված, որ զինվորականը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է հավանական 2016 թվականի ապրիլյան դեպքերի կրկնությունը ղարաբաղաադրբեջանական սահմանին՝ նման տեսակետ հայտնեց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ շփման գծում կան կուտակումներ, և 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ՝ չբացառելով 2016 թվականի ապրիլյան դեպքերի կրկնությունը։

Լ.Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանն այդքան զինվում է, այդքան զինտեխնիկա է ստացել, ու, բնականաբար, մի օր պետք է օգտագործի. «Մեր բանակը պետք է պատրաստ լինի հակահարվածի։ Եթե մենք հստակ ինֆորմացիա ունենանք, որ նրանք պատրաստվում են հարձակվել Ղարաբաղի կամ Հայաստանի  վրա, մենք պետք է  առաջինը գործենք»։

Մեր ճշտող հարցին՝ հավանակա՞ն է ապրիլյան իրադարձությունների կրկնությունը՝ հաշվի առնելով, որ շատ է խոսվում, որ այս երկու տարիների ընթացքում Հայաստանը տեխնիկապես այնպես է պատրաստվել, որ հակառակորդի համար ավելի է դժվարացել նման գործողությունների գնալը, Լ. Ստեփանյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես ունեմ ինֆորմացիա, մենք իսկապես արդեն տեխնիկապես զինված ենք, ու ժամանակին տեղաշարժերի մասին ինֆորմացիա ենք ստանում։ Իսկ նրանք կգնա՞ն այդ քայլին, թե՞ չէ, ես՝ որպես զինվորական, ասում եմ՝ միշտ էլ կարող են անել, և մենք միշտ պետք է լինենք պատրաստ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս