Բաժիններ՝

Վաղարշապատի թիվ 2 դպրոցը կվերածվի մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով հունիսի 19-ին ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Վերոնշյալ դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է վերակազմավորել մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի, և ներկաները որոշակի մտահոգություններ են հնչեցրել՝ հանրակրթական դպրոցներում երեխաների հետագա կրթությունը կազմակերպելու վերաբերյալ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ համընդհանուր ներառականության անցումը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հասարակությանն առավելագույնս ինտեգրելուն, որպեսզի վերջիններս չշարունակեն մեկուսացված մնալ:

«Մենք ձեր կողքին ենք լինելու, և վստահեցնում եմ, որ գործընթացի արդյունքում որևէ երեխայի վիճակ չի կարող վատանալ: Մենք մեկ առ մեկ լուծելու ենք բոլոր խնդիրները՝ այդ հարցում համագործակցելով նաև ծնողների հետ, որպեսզի նվազեցնենք բոլոր հնարավոր ռիսկերը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշակի մտահոգություններ են առաջացել նաև այն պատճառով, որ ժամանակին ծնողների հետ բավարար բացատրական աշխատանք չի տարվել:

Նշվել է, որ մանկավարժահոգեբանական կենտրոնում յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի անհատական ուսումնական և ծառայությունների մատուցման պլան, և կենտրոնի անձնակազմը հավուր պատշաճի կիրականացնի իր գործառույթները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ կրկին հանդիպելու և խնդիրն առավել հանգամանալից քննարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս