«Սրա մասին է եղել ամբողջ դեբատը կառավարությունում, երբ տիկին Թանդիլյանն առաջարկում էր հետաձգել նախագծի ուժի մեջ մտնելը». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ասաց, որ ժամանակին դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին, պայքարել են դրա դեմ, բայց հիմա հասկանում են այն իրավիճակը, որում հայտնվել են.
«Եկել է նոր կառավարություն, նոր իշխանություն, որը պետք է այս իրավիճակում լուծումներ գտներ։ Լուծումը հետևյալն է՝ եթե մենք հիմա որևէ բան չենք անում, ապա այս օրենքն ուժի մեջ է մտնում, եթե կառավարությունը նախագիծ բերեր, որ այս օրենքն ընդհանրապես հետաձգեր, ես չգիտեմ՝ ՀՀԿ խմբակցությունը կհետաձգե՞ր այս օրենքը, թե՞ կմնար նախկին համակարգը, որը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից։ Կառավարությունն ընտրել է օրենքը բարելավելու ճանապարհը, այսինքն՝ ուժի մեջ մտնող օրենքը փոփոխության ենթարկվի, ուժի մեջ մտնի այն, ինչ հիմա քննարկում ենք»։
Մարուքյանն ընդգծեց, որ համակարգի փորձագետ չէ, և ներկայացրեց քաղաքական մասով իր դիրքորոշումը. «Մենք ասել ենք, որ պաշտպանում ենք այս կառավարությանը, ասել ենք, որ պետք է աջակցենք երկրում իրականացվող բարեփոխումներին։ Երեկվա մեր կուսակցության քննարկման ժամանակ հնչեցին առաջարկներ, որ ունենանք համակարգ, որը ոչ թե պարտադիր կլինի, այլ կլինի կամավոր։ Կամավոր համակարգի համար պետք է ունենալ կարևոր գրավականներ, որ դա գրավիչ լինի քաղաքացու համար, քաղաքացին վստահի գործող իշխանությանը, պետական ինստիտուտներին։ Սրա մասին է եղել ամբողջ դեբատը կառավարությունում, երբ տիկին Թանդիլյանն առաջարկում էր հետաձգել նախագծի ուժի մեջ մտնելը և շարունակել քննարկումները»։
Պատգամավորն ասաց, որ խոսել է վարչապետի ու մի շարք նախարարների հետ, և պատրաստ են մասնակցել քննարկումներին. «Այն մարդիկ, ովքեր դեմ են պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, շարունակում են դժգոհ ու դեմ մնալ, իսկ մենք իրավունք չունենք չլսել մեր քաղաքացիներին։ Այս փուլում աջակցում ենք այս բարելավմանը, որովհետև հակառակ դեպքում ավելի վատ տարբերակը կմտնի ուժի մեջ, բայց պայմանով, որ շարունակենք քննարկումները»։