
Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու

Թուրքիան Ռուսաստանից գնում է C-400 զենթահրթիռային համակարգեր, այս հարցը փակված է: Հունիսի 19-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։ «Մենք Ռուսաստանից գնում ենք C-400 համակարգեր, այս հարցը փակված է»,- ասել է նա:
Չավուշօղլուն ընդգծել է, որ հանրապետությունը մտադիր չէ «հրաժարվել իր գործարքից, չնայած նախօրյակին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ընդունած որոշմանը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին զրկել Թուքիային ամերիկյան սպառազինության մատակարարմանը հավանություն տալու հնարավորությունից, առանց հատուկ զեկույցի տրամադրման, որը կվերաբերի Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթային համալիրների գնմանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հունիսի 14-ին նույնպես Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը որակել է շանտաժ: Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան «կատարում է իր բոլոր պարտավորությունները» եւ ակնկալում է, որ ԱՄՆ-ը«սահմանված ժամկետում կիրականացնի F-35 կործանիչների մատակարարումները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: