Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Ազգային ժողովը պատգամավորների ձայների կողմ՝ 81, դեմ՝ 3 հարաբերակցությամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը։

Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:

Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ: Մ. Գրիգորյանի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան:

Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս