
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող օտարերկրացիներին

Ազատությունից զրկված օտարերկրացիների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում:
Աշխատանքային հատուկ սկզբունքներով ուսումնասիրվել են ազատությունից զրկված օտարերկրացիների, այդ թվում՝ ապաստան հայցող անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև առանձին խցերի գերբնակեցման հետ կապված: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները բանավոր ընթացակարգով ներկայացրել են խնդիրները քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան գրություններ կուղարկվեն նաև ՀՀ արդարադատության նախարարություն։