Արծվիկ Մինասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն առնչվող հարցը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան և նախարարության պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, ներկայացրել տնտեսության ոլորտում հայ-իրանական օրակարգի հարցերը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին։
Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մակարդակի բարձրացման հարցերի մասին։ Հատկանշվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություն կտա երկկողմ առևտրի խթանման համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում հնարավոր կդառնա իրանական և ԵԱՏՄ շուկաներում պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկման լաբորատորիաների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում և Իրանում։
Մտքեր են փոխանակվել «Հալալ» սերտիֆիկատների տրամադրման գործընթացի կազմակերպման, «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» համաժողովի անցկացման, «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն առնչվող և մի շարք այլ հարցերի մասին։ Ուշադրության կենտրոնում են եղել զբոսաշրջության խթանման հարցերը, ինչպես նաև ցամաքային ճանապարհով ազատորեն երկու երկրներ այցելելու դյուրացման հնարավորությունները։ Կարևորվել են լրագրողների և տուրօպերատորների փոխայցելությունները։ Համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքային խմբերի աշխատանքը ակտիվացնելու ուղղությամբ, դրանք առավել պարբերական և հասցեական դարձնելու և խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար։