«Սեյրան ջան, դու կռված մարդ, գեներալ մարդ, հիմա է՞լ չգիտես՝ ովքեր են թալանել մեր բանակը, ովքեր են մեր բանակի գողերը, զինվորի բաժինն ուտողները». Արամ Մանուկյան
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ԱԱԾ բացահայտումների պատճառով սթրես է ապրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շոկի մեջ է ու ամբողջ գիշեր չի կարողացել քնել։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ: Մ. Գրիգորյանի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:
Ա. Մանուկյանը լրագրողներին հիշեցրեց ԱԺ-ում «1000 դրամների» օրենքի քննարկման ժամանակ իր արած հայտարարությունը. «Հարցս ուղղում եմ Սեյրանին Սարոյանին։ Սեյրան ջան, դու կռված մարդ, գեներալ մարդ, հիմա էլ չգիտե՞ս՝ ովքեր են թալանել մեր բանակը, ովքե՞ր են մեր բանակի գողերը, զինվորի բաժինն ուտողները։ Արդյո՞ք հիմա էլ չգիտես դրա մասին»։
Նա նաև անդրադարձավ նախկին ՊՆ պաշտոնյաներին.
«Չէ՞ որ այդ Պաշտպանության նախարարության մեքենաները հայտնվել են այնտեղ իրենց թույլտվությամբ։ Այսօրվա այդ պաշտոնյաներն ընդդիմադիր են խաղում։ Կամ այն 20 հոգին, որ բերել են այդ բեռը, դատարկել են, այդ վարորդը, արջերին կերակրողը, վախեցե՞լ են սրա մասին ասել, թե՞ նրանք էլի զինվորների կենացն էին խմում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։