
Թշնամուն ուրախանալու առիթ չտանք. ԵԿՄ հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալման կապակցությամբ

Երկրապահ կամավորականների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը:
Ըստ տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը, ուստի Երկրապահ կամավորականների միությունը կոչ է անում գործող իշխանություններին «թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով»:
«Կոչ ենք անում գործող իշխանություններին թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով:
Մենք ունենք մի ընդհանուր թշնամի՝ թուրքը, որի դեմ 1989-ից առ այսօր պայքարում է Երկրապահը: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգևորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը:
Եվս մեկ անգամ սթափության կոչ ենք անում հայրենի իրավապահներին: Եկեք գնահատենք մեր արժեքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Պատերազմը դեռ ավարտված չէ»,- ասված է ԵԿՄ հաղորդագրության մեջ: