
Արման Թաթոյանն այցելել է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:
Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում:
Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից:
Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու նպատակով: