Բաժիններ՝

Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները. UNICEF

Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները: Դա վկայում է «Բնակչության բարեկեցության ուսումնասիրություն 2017» հետազոտությունը, որը պատրաստել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):

2017 թվականին Վրաստանում երեխաների 6,8 տոկոսն ապրում էր աղքատության նշագծից ցածր պայմաններում, իսկ 2015 թվականին նրանք կազմում էին 2,5 տոկոս:

Վատացել է նաեւ թոշակառուների սոցիալական վիճակը: Անցյալ տարի աղքատության նշագծից ցածր պայմաններում ապրում էր թոշակառուների 3,7 տոկոսը, իսկ 2015 թվականին՝ 1,7 տոկոսը: «Երեխաները դեռեւս մնում են ամենաանպաշտպան խումբը Վրաստանում»,-նշել է Վրաստանիում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լայլա Օմար Գադը:

Անհրաժեշտ քանակությամբ մանկապարտեզների բացակայության պատճառով շուրջ 14 հազար երեխաներ չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ:

Իսկ 15-18 տարեկան հասակի դեռահասներից յուրաքանչյուր հինգերորդը չի սովորում:

Լայլա Օմար Գադի խոսքով՝ երեխաների շրջանում աղքատությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ներդնել սոցիալական պաշտպանության համընդգրկուն համակարգ, ուժեղացնել երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությունը:

UNICEF-ի փորձագետները Վրաստանում աղքատության աճի պատճառների թվում նշել են դանդաղ տնտեսական աճը, գործազրկությունը եւ սպառողական գների աճը: Մինչդեռ, ինչպես նշվում է, աշխատավարձերի բարձրացման կապակցությամբ շատերն իրենց աղքատ չեն համարում: Այնինչ, ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար Վրաստանում ավելի ու ավելի շատ ընտանիքներ են դիմում բանկերին ու գրավատներին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս