
Լուսանկարում պատկերված կանանց խնդրում ենք ներկայանալ Քննչկան կոմիտե. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերության լրագրող Ա.Գրիգորյանն իր մասնագիտական գործունեությունն է կատարել Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում և «Iphone 6s» տեսակի բջջային հեռախոսով իրականացրել նկարահանում, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է լրագրողի նշված հեռախոսը և դիմել փախուստի՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձին, ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տվել ոստիկանությանը։ Տեսանյութերի զննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ լրագրողի նկատմամբ կիրառված ոտնձգությանը հնարավոր է ականատես են եղել լուսանկարներում պատկերված կանայք։
Քրեական գործով բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով խնդրում ենք լուսանկարներում պատկերված կանանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տալ դեպքի վերաբերյալ իրենց հայտնի հանգամանքների մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: