«Իմ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից». Սամվել Բաբայան
«ՀՀ-ում բոլոր քաղաքական գործիչները գիտեն, որ իմ ձերբակալումը եղել է քաղաքական պատվեր»,- այսօր ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը: Դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանավորումը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով Ազգային ժողովի պատգամավորների անձնական երաշխավորությունը: Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե Սերժ Սարգսյա՞նն է այդ պատվերը տվել՝ Ս. Բաբայանը չցանկացավ երրորդ նախագահի անունը տալ։ Հարցին՝ ինչո՞ւ է ձեր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվել, Ս. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Դրդապատճառը եղել է քաղաքական։ Այն, ինչ իմ հետ ԱԱԾ-ի շենքում խոսել են ձերբակալումից հետո, խոսել են, որ մենք արդեն 5 տոկոսի շեմն անցել ենք, ու պատրաստվում ենք մեծ հանրահավաքի, այսինքն՝ անցնելու ենք բոլոր շեմերը, ու արդեն իրենք չէին կարողանալու ունենալ այն մեծամասնությունը, որն ունեին։ Լուրջ խնդիր էր լինելու, դրա համար պետք է ինձ ձերբակալեին։ Այն հարցին, թե ինչո՞ւ հենց ինձ ձերբակալեցին՝ հաշվի առնելով, որ ես ցուցակում չկայի, լիդեր չէի, պարզ բացատրել են՝ «պարոն Բաբայան, դուք եք կազմակերպում, շտաբը դուք եք ղեկավարում, դուք եք մեզ պետք, մնացածը մեզ չեն խանգարում»։ ԱԱԾ պետի տեղակալն է եղել, ով զբաղվում էր օպերացիայով»։ Ս. Բաբայանն իր հանդեպ տեղի ունեցածը որակում է՝ որպես հետապնդում։ Հարցին՝ Արցախ չե՞ք մեկնելու, Ս. Բաբայանն այսպես պատասխանեց.
«Իմ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից։ Եթե ՀՀ իշխանությունը, հասարակությունը որոշի, որ ես պետք է այնտեղ լինեմ, ես կգնամ։ Բայց ներկա դրությամբ Սամվել Բաբայանը ո՛չ պատրաստվում է ինչ-որ տեղ գնալ, ո՛չ ինչ-որ դեստաբիլիզացիա անել։ Դա շատ լուրջ խնդիր է, պետական խնդիր է։ Չի կարելի, Ղարաբաղը շատ վտանգավոր գոտի է, ու չի կարելի այնտեղ խաղալ»։
Դիտարկմանը, թե Բակո Սահակյանն ասել է, որ 2020 թվականի ընտրություններին չի մասնակցելու՝ Ս. Բաբայանն այսպես պատասխանեց. «Թողեք՝ մինչև 2020 թիվը Ղարաբաղը հանգիստ ապրի, եթե կապրի։ Շատ վատ վիճակում է, դեռ 2020 թվականին ինչ կլինի՝ ժամանակը ցույց կտա»։
Անդրադառնալով մամուլում եղած այն լուրերին, որ այս տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ նախկին իշխանությունները մարդ են ուղարկել, որ Ս. Բաբայանի հետ խոսի, որ նա հորդորի մարդկանց տուն գնալ, որից հետո պետք է նրան ազատ արձակեին՝ Ս. Բաբայանը հաստատեց՝ ասելով, որ Ս. Սարգսյանի անունից մարդ է գնացել իր մոտ, այդ թեմայով խոսել է, բայց ինքը մերժել է առաջարկը։