Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից կնվազեցվի՝ 115 մլն-ից իջնելով 58,35 մլն դրամի
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով:
«Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է: Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։ Նախագծի ընդունումը կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տնտեսավարող սուբյեկտները շարունակում են ակնհայտորեն թերհայտարարագրել իրենց իրացման շրջանառությունները՝ անգամ շրջանառության հարկի շեմին մոտենալու և շեմը գերազանցելու որևէ ռիսկ չունենալու պարագայում:
«Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից և հունվարի 1-ից շրջանառության հարկը սահմանել 58.35 մլն դրամ»,- ասել է Ֆինանսների նախարարը: