«Ես չհասկացա, թե ինչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագծի մասին
Կառավարությունը մասնակիորեն ընդունեց ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի և Գագիկ Մելիքյանի հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհատ տաքսու վարորդների լիցենզավորման պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից ազատելուն:
Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից։
Զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ oրենքի նախագծով առաջարկվում է պետական տուրքի վճարումն ուշացնելու դեպքում տույժը հանել, բայց նաև որպես երաշխիք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 50 հազար դրամ տուգանքը փոխարինել 100 հազարով:
«Առաջարկում ենք, որ կառավարությունը մերժի այդ օրենքի փոփոխություններին հավանություն տալու նախագիծը:
Դրա վերաբերյալ առկա են ֆինանսների և արդարադատության նախարարությունների եզրակացությունները: Գտնում ենք, որ մասնավոր դեպքերի համար իրավիճակային լուծումները, առաջարկներն անընդունելի են և պրակտիկ կիրառման ընթացքում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների: Առաջարկում ենք օրենքը թողնել անփոփոխ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ է ունեցել: «Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել, մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել: Այս հակասություններով հանդերձ՝ ես չհասկացա, թե ինչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով»,- նշեց նա:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ նախագծով փորձ է արվում տույժերը ներելով՝ վարորդներին օգնել վճարել գոնե տուգանքները, բայց նախագիծը համապատասխան կարգավորումներ չի տալիս:
Վարչապետն առաջարկեց առանց լուրջ պոտենցիալ վնասների լուծել միայն նշված խնդիրը. «Այս մասնակի խնդրի այլընտրանքն առաջարկեք»:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նկատեց, որ այս ոլորտում առկա է անհավասար դաշտ՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով:
«Արձանագրենք, որ այսպիսի պրոբլեմ կա, և այդ պրոբլեմի լուծման տարբերակ առաջարկենք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը: