
Ադրբեջանից բռնագաղթած քաղաքացիները կկարողանան սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակտարածքները

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն: Նման որոշում կայացվեց կառավարության հունիսի 15-ի նիստում:
Փախստականներն օրենսդրությամբ սահմանված կարգով կկարողանան սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
«Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին»,- ասված է նախագծում:
Նշված տարածքները տիրապետող պետական կառավարման մարմինը սեփականաշնորհվող բնակելի տարածքի հատակագիծը ներկայացնելուց հետո բնակիչների հետ պետք է կնքի նվիրատվության պայմանագրեր: