Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Նա դիմումը ներկայացրել է մի քանի օր առաջ։

««Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Հիմնադրման առաջին օրից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ կառավարության ներկայացուցիչը եվրոպական դատարանում:

Այս տարիներին Հայաստանի Հանրապետությունում բոլորիս ջանքերով անկասկած հսկայական աշխատանք է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ընդհանրապես եւ հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հայաստանի Հանրապետությունում լայնորեն կիրառման ուղղությամբ:

2002-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից:

Կարդացեք նաև

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության եւ արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որեւէ խախտում չի արձանագրել:

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած եւ վերջնական դարձած վճիռներով դիմումատուների կողմից ներկայացվել է ավելի քան 23 միլիոն եվրոյին համարժեք հատուցման պահանջ, որից բավարարվել է 1,158,290 եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 5%-ը:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում: Այս պայմաններում աննպատակահարմար եմ համարում իմ պաշտոնավարման շարունակումը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ եվրոպական դատարանում:

Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները եվրոպական դատարանում քննվող գործերով եւ կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով:

Իմ գործունեությանը որպես Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ավելի մանրամասն անդրադառնալու բազում առիթներ դեռ կլինեն, սակայն այս պահին ուզում եմ արձանագրել, որ այս տարիների ընթացքում ես եւ ինձ հետ աշխատող թիմը արել ենք հնարավոր ամեն ինչ Հայաստանի Հանրապետության շահերը եվրոպական դատարանում պատշաճ ներկայացնելու համար:

Վստահ եմ, որ նոր թիմը նույնպես աշխատելու է ոչ պակաս նվիրումով եւ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում տարեցտարի բարելավվելու է»,- ասված է Կոստանյանի հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս