
ԱԺ-ն հաստատեց 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ՀՀ 2017թ․պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ ՀՀ 2017թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ նիստի օրակարգային հարցերը սպառվել են: Նա պատգամավորներին հիշեցրեց, որ կառավարության առաջարկով հունիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրվել:
ՀՀ 2017թ. պետական բյուջեով եկամուտների համար պլանավորվել է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 320 միլիարդ, փաստացի ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ: Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի այն կազմել է 1 տրիլիոն 504 միլիարդ դրամ: Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է 267 միլիարդ դրամ: