Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունեց Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց լեհ պատգամավորներին բարեկամության և այն ջանքերի համար, որոնք վերջիններս գործադրում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։
Արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի միջև առկա է համագործակցության շարունակական աճ՝ հիմնված երկու ժողովուրդների հարյուրամյակների բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Նախարար Մնացականյանը ընդգծեց Լեհաստանում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում՝ այս համատեքստում արժևորելով Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատներում 2017թ. բանաձևերի ընդունումը և շնորհակալություն հայտնելով լեհահայ համայնքի նկատմամաբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոժնիակին իր հերթին նշեց, որ խմբի յուրաքանչյուր անդամ գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ հայ-լեհական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ՝ միաժամանակ ընդգծելով իրենց պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի բոլոր նախաձեռնություններին։ Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր, կարևորեցին կրթամշակութային, գիտական բնագավառներում կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնումը:
Հանդիպման օրակարգում էին միջխորհրդարանական համագործակցության առավել խորացման հարցերը:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը հետագա զարգացման նոր հեռանկարներ է բացում ոչ միայն բազմակողմ, այլ նաև հայ-լեհական երկկողմ ձևաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց հունիսի 7-ին Լեհաստանի Սեյմի կողմից Համաձայնագրի վավերացումը և հույս հայտնեց, որ շուտով Լեհաստանի ներքին ընթացակարգերը նույնպես կավարտվեն՝ օրինակ ծառայելով Համաձայնագիրը դեռ չվավերացրած ԵՄ մյուս անդամների համար:
ԱԳ նախարարը լեհ խորհրդարանականներին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Մնացականյանը ընդգծեց, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումը։