Բաժիններ՝

Կարեն Ավագյանը հորդորում է դիմել համապատասխան մարմիններին

«Դրա մասին բոլոր հարցերով պետք է դիմեք համապատասխան մարմիններին, եկեք թողնենք իրավապահ մարմինների գնահատականներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը` հրաժարվելով խոսել չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով հնարավոր ձերբակալությունների մասին:

Նա անպատասխան թողեց հարցը, թե Երևան հիմնադրամն էլ լուծարվում է, արդյո՞ք  բոլոր հիմնադրամներում կոռուպցիոն սխեմաներ են գործել:

Հիշեցնենք, որ Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ: «2018 թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 000 000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- նշել էր Քննչական կոմիտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս