ՍԴ դատավորի թեկնածուն՝ «վերևներից» ճնշումների և վերջին դատավարությունների մասին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջaդրվել Ելիզավետա Դանիելյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցով դիմեց դատավորի թեկնածուին. «Ձեր ամբողջ պրակտիկայի ընթացքում ձեր վրա վերևից ճնշումներ եղե՞լ են, որ այս կամ այն որոշումը կայացնեք, որովհետև հայտնի է, որ մեր դատական համակարգում այդ պրակտիկան կա»։

Ի պատասխան՝ Ե. Դանիելյանն ասաց, որ ինքը երբեք չի առնչվել նման երևույթի հետ. «Երբևէ դատական պրակտիկայի ընթացքում անձամբ ես չեմ առնչվել նման պրակտիկայի հետ, որ վերևից կամ որևէ այլ մարմնի կողմից փորձ արվեր ուղղորդել»։

Մ. Մելքումյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում այն, որ վերջին շրջանում դատավարությունների արդյունքում խափանման միջոցները փոխվում են՝ այն դեպքում, որ մինչև իշխանափոխությունը նման բան չէր լինում։

«Կարծում եմ՝ շատ նորմալ պրոցեսներ են, բոլոր այդ պրոցեսները նախատեսված են դատավարական օրենսդրությամբ, որևէ գործառույթ օրենքից դուրս չի իրականացվում, ասել, որ հատուկ իրադարձություն է տեղի ուենցել, դրա համար են փոխում խափանման միջոցները, այդպես չէ։ Պարզապես դատարանները չէին կարողանում իրականացնել դատական նիստերը, հիմա հանդարտվել են կրքերը, պրոցեսները մտել են բնականոն ընթացքի մեջ, ու շատ ուրախալի է, որ խափանման միջոցները փոխվում են»,- ի պատասխան՝ ասաց Ե. Դանիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս