«Ավելի լավ է՝ սառը, քան՝ տաք պատերազմ». Քաղաքագետ
«Կարծում եմ՝ այս փուլը բավականին անորոշության և մի քիչ վտանգավոր փուլ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ խոսելով Արցախյան հիմնախնդրի բանակցային պրոցեսի մասին։
Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ն կտրուկ փոխում է բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, ապա պետք է հասկանալ՝ որն է լինելու նրա հաջորդ քայլը. «Որովհետև Ադրբեջանը միանշանակ մերժելու է Ղարաբաղի հետ բանակցելու համար նույն սեղանին նստել, միջնորդների դիրքորոշումը լինելու է չեզոք, նրանք միշտ հայտարարելու են, որ կողմ են, որ ՀՀ-ն և Ադրբեջանն իրար հետ ընդհանուր հայտարարի գան, արդյունքում՝ բանակցային գործընթացը կանգ է առնելու, իսկ դա հղի է պատերազմական գործողություններով։ Պատրա՞ստ ենք մենք դրան այս պահին, կարծում եմ՝ վաղաժամ է դրա մասին ասելը»։
Նա համաձայնեց, որ բանակցային գործընթացն այս ֆորմատով ոչ մի հաջողության չի բերել. «Իսկ ո՞վ է ասել, որ բանակցային գործընթացը միայն հաջողության հասնելու համար է։ Բանակցային գործընթացն ավելի լավ է, քան՝ դրա չլինելը, որովհետև ավելի լավ է՝ սառը, քան՝ տաք պատերազմ։ Զուտ մարտավարական տեսակետից՝ բանակցային գործընթացից հրաժարվելը վտանգավոր է։ Դրանով մենք պարարտ հող կստեղծենք, որ հակառակորդը, օգտվելով այս հանգամանքից, լեգիտիմացնի իր պոտենցիալ ռազմական գործողությունները։ Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ դիրքորոշումը պետքբ է ավելի ճկուն, նրբանկատ լինի։ Համաձայն եմ, որ Ղարաբաղը պետք է ինչ-որ փուլի միանա բանակցային գործընթացին, սակայն մենք պետք է կարողանանք ուժեղ լինենք, բանակցային գործընթացի հետևում պետք է լինի ուժեղ Հայաստանը»։
Քաղաքագետը գտնում է՝ Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունները կապված են Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձել է առիթից օգտվել ու առաջխաղացումներ արձանագրել. «Սա մտահոգիչ է, մենք պետք է լուրջ հետևություններ անենք ու ամեն ինչ անենք, որ չեզոքացնենք Նախիջևանի կողմից վտանգը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։