ԿԸՀ-ն հրապարակել է հունիսի 10-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 10-ին Հայաստանի 18 համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
Նախնական տվյալներով` Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի ղեկավար է ընտրվել Ավետիս Մուրադյանը, ով հավաքել է 197 ձայն: Նրա մրցակից Զորայր Կարապետյանը ստացել է 195 ձայն: 10 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավար է ընտրվել Արսեն Բազիկյանը, ով ստացել է 508 ձայն: Վարդգես Դվոյանը հավաքել է 249, Վահագն Խաչատրյանը` 66, Վահե Նիկողոսյանը` 44, Վարդան Պետրոսյանը` 181 ձայն:
Լոռու մարզի Անտառաշեն համայնքում ընտրվել է գրանցված միակ թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը՝ ստանալով 61 ձայն: Գեղասար համայնքում նույնպես համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն Վարազդատ Գրիգորյանը. նա ստացել է 206 ձայն:
Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` Հովիկ Զաքարյանը, ով հավաքել է 95 ձայն: Նույն մարզի Դավթաշեն համայնքի ղեկավար է ընտրվել Գևորգ Հովհաննիսյանը` ստանալով 214 քվե, իսկ նրա մրցակից Գրիգոր Վարդանյանը հավաքել է 176 ձայն:
Դպրեվանքի գյուղապետ է ընտրվել Արամայիս Կասաբովը` հավաքելով 23 ձայն. նրա մրցակից Հովիկ Կոդաբաշյանը հավաքել է 10 ձայն: Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի ղեկավար է ընտրվել Վարդգես Ներսիսյանը` ստանալով 158 ձայն: Նրա մրցակից Թաթուլ Գրիգորյանը հավաքել է 111 ձայն:
Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ղեկավար է ընտրվել Ազատ Ավետիսյանը: Այստեղ թեկնածուները 4-ն են եղել. Ազատ Ավետիսյանը ստացել է 584 ձայն։
Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հարությունյանը` հավաքելով 110 ձայն:
Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը. նա ստացել է 122 ձայն:
Արմավիրի մարզի Մարգարա համայնքում գյուղապետ է ընտրվել Էդգար Ենոքյանը` ստանալով 433 ձայն: