Բաժիններ՝

«Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես». Էրդողանը դիմել է Ավստրիայի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի որոշումը, համաձայն որի այդ երկրում փակվելու են յոթ մզկիթներ, իսկ որոշ իմամներ երկրից արտաքսվելու են: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ելույթ ունենալով Ստամբուլում՝ Էրդողանը հայտարարել է, թե ողջ աշխարհում օրեցօր ավելանում են մուսուլմանների դեմ ճնշումները: «Այստեղից կոչ եմ անում Եվրոպային, ավելի ճիշտ Ավստրիային, այդ երկրի վարչապետին: Դեռ շատ երիտասարդ ես: Քեզ անհրաժեշտ է ավելի մեծ փորձառություն ունենալ: Հիշիր, որ քո նման պահվածքը գլխիդ շատ փորձանք կբերի»,- հայտարարել է նա:

Կուրցը նկատել է, որ Ավստրիայում մզկիթների փակումը, իմամներին երկրից արտաքսելը կարող է նոր բախման պատճառ դառնալ քրիստոնյաների ու մուսուլմանների միջև:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ստուգման արդյունքներով մտադիր են փակել յոթ մզկիթ և երկրից արտաքսել 60 իսլամական քարոզիչների: «Այն հասարակությունները, որոնք գոյություն ունեն ավանդական ավստրիական հասարակության հետ զուգահեռ, քաղաքականության մեջ իսլամը, ինչպես նաև արմատականացումը տեղ չունեն մեր երկրում»,- ասել է նա:

Չորս մզկիթ կփակվի Վիեննայում, երկուսը՝ Վերին Ավստրիայում և ևս մեկը՝ Կարինտիայի ֆեդերալ երկրամասում: Փակվող մզկիթների թվում է նաև թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության մզկիթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս