Ֆրանսիացի պատգամավորները դպրոցականներին արգելել են օգտվել սմարթֆոններից
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որը տարրական եւ միջին դասարանների աշակերտներին արգելում է դպրոցում օգտվել շարժական հեռախոսներից, տեղեկացնում է BBC-ին:
Օրենքի նախաձեռնող է հանդես եկել երկրի կրթության նախարարությունը. այնտեղ գտնում են, որ արդյունքում երեխաները կսկսեն ավելի շատ ժամանակ հատկացնել պարապմունքներին, բացի դրանից, դա կօգնի Համացանցում դպրոցականների հետապնդումների եւ պոռնոգրաֆիայի դիտումների դեմ պայքարում:
Օրենքը քննադատողները, սակայն, պնդում են, որ արգելքը գործնականում հնարավոր չի լինի կյանքի կոչել եւ վերահսկել դրա կատարումը: Խորհրդարանական ընդդիմությունն օրինագիծը համարում է իշխանությունների փիառ-քայլը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ արգելքը սահմանելու խոստում էր տվել անցյալ տարվա իր նախընտրական արշավի ընթացքում: Ազգային ժողովի պատգամավորներն օրինագծի օգտին քվեարկել են ձեռքերը վեր պարզելով: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Սենատը:
Օրինագծի համաձայն, մինչեւ 15 տարեկան երեխաները ներառյալ իրենց սմարթֆոնները պետք է աչքից հեռու պահեն՝ գտնվելով դպրոցի շենքում կամ նրա տարածքում: Կրթության նախարար Ժան Միշել Բլանկեն փաստաթուղթը որակել է «օրենք՝ 21-րդ դարի համար, օրենք՝ թվային հեղափոխության դարաշրջանի համար»:
«Բաց լինելով ապագայի տեխնոլոգիաների համար՝ մենք չպետք Է կուրորեն համաձայնենք դրանց բոլոր հնարավոր կիրառություններին»,-ասել է նա Ազգային ժողովում:
Օրինագիծն ընդունելիս դրանում ուղղում է մտցվել, որի համաձայն, ուսուցիչները նույնպես պետք է իրենց հեռախոսները հեռու պահեն՝ աշխատանքի ժամանակ գտնվելով դպրոցի տարածքում:
Եթե օրինագիծը հավանության արժանանա սենատորների կողմից, այն ուժի մեջ կմտնի արդեն սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա սկզբին: Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել է 2016 թվականին, սեփական սմարթֆոն ունի 12-ից մինչեւ 17 տարեկան դպրոցականների 90 տոկոսը: