
NASA-ն հրաժարվել է լուսնագնացի նախագծից, որում արդեն 100 մլն դոլար է ներդրվել

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հրաժարվել է լուսնագնացի ստեղծման ծրագրից, որի մշակման գործում արդեն շուրջ 100 միլիոն դոլար է ներդրվել:
Ինչպես հունիսի 6-ին հայտնել է Houston Chronicle թերթը, Resource Prospector ապարատի ստեղծման աշխատանքների դադարեցման որոշումը, ապարատ որը նախատեսված էր Լուսնի վրա ջրի որոնման համար, ընդունվել է ապրիլին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն օրերս:
Թերթի տվյալներով՝ լուսնագնացի մշակումն իրականացվում էր վերջին չորս տարվա ընթացքում, եւ 250 միլիոն դոլար արժողությամբ ապարատի արձակումը պլանավորված էր 2022 կամ 2023 թվականին: Աշխատանքների դադարեցման մասին անսպասելի ընդունված որոշումը հարուցել է նախագծի մասնակիցների զարմանքը:
Ինչպես հայտնել է թերթը, լուսնագնացի ստեղծման վրա աշխատող 90 մասնագետներն այժմ կզբաղվեն NASA-ի այլ ծրագրերով: Միեւնույն ժամանակ NASA-ի ներկայացուցիչ Չերիլ Ուոռները նշել է, որ լուսնագնացի համար նախատեսված ապարատների մի մասը կօգտագործվի այլ նախագծերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: