«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ խորհրդարանում, նախընտրական ծրագրի ներկայացում էր». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին, նորություն չի համարում։

Ըստ նրա՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ խորհրդարանում, նախընտրական ծրագրի ներկայացում էր. «Այդ շրջանակներում շատ բաներ ասվեցին, որոնք անհասկանալի նպատակներ ունեն, ու դրանց նպատակը ոչ թե այդ ասածների իրականացումն է, այլ՝ Փաշինյանի ասածները հասարակության ընկալումներին համապատասխանեցնելը։ Այն խոսակցությունը, որ Ղարաբաղը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի, Հայաստանում ընդհանրապես նոր չէ, դրա մասին շատ է խոսվել։ Դա այն հռետորաբանությունն է, որը կշարունակվի։ Եթե մի օր Ղարաբաղի ճակատագիրը լուծվի բանակցային գործընթացում, և հեռանկար լինի, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ որոշակի փոխզիջումների, այդ ժամանակ անհնար կլինի այդ ամենն առանց Ղարաբաղի։ Բայց որևէ հեռանկար չկա, որ Ղարաբաղյան հարցը կլուծվի առաջիկայում»։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Արցախին բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին. «Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի  ընտրված նախագահը, իսկ Սերժ Սարգսյանն Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից է։ Հետևաբար՝ նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում։ Նույն բանը չեմ կարող անել ես»։

Ա. Իսկանդարյանի խոսքով՝ վարչապետի այս փաստարկը նույնպես վերաբերում է ներքին քաղաքականությանը, ոչ թե՝ արտաքին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս