«Եթե Բակո Սահակյանի փոխարեն ես լինեի, միջադեպը կավարտվեր 5 վայրկյան հետո». Գառնիկ Իսագուլյան

«Արցախում գործընթացները շատ բնական հունի մեջ են ու որևէ անհանգստության պատճառ և տեղիք չեն տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ վերջին օրերին տեղի ունեցավ Արցախում, որևէ օրգանական կապ չուներ նրա հետ, ինչ տեղի ունեցավ Հայաստանում. «Ոմանք փորձեցին տեղի ստեղծված իրավիճակն օգտագործել՝ ցույց տալու, որ Արցախում էլ նույն վիճակն է, ինչը ՀՀ-ում, և այնտեղ էլ տեղի են ունենում գործողություններ, որոնք հանգեցնելու են թավշյա հեղափոխության։ Նման երևույթ Արցախում գոյություն չունի»։

Գ. Իսագուլյանի գնահատմամբ՝ Արցախում հեղափոխության նախադրյալներ չկան։ Ըստ նրա՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը շատ մեծ  վարկանիշ ունի այնտեղ. «Մեծ վարկանիշ ուներ նաև նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, ուժային կառույցների ղեկավարները։ Այդ առումով որևէ խնդիր գոյություն չուներ։ Բայց մի ուրիշ բան էլ ասեմ, որ երկար ժամանակ Արցախում քննարկվում էին որոշակի խնդիրներ՝ կապված հենց կադրային տեղաշարժերի հետ, կադրային փոփոխությունների հետ։ Արցախում սերնդափոխության աշխատանքները բավականին լուրջ են տարվում, ու այս դեպքն իրենք որպես առիթ օգտագործեցին՝ գնալու նաև նման փոփոխությունների»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Արցախում դադարեցնել բողոքի գործողությունները՝ նշելով, որ գնդակն Արցախի իշխանությունների դաշտում է. «Ինձ համար բացարձակ էական չէ՝ որ պաշտոնյան ինչ է ասում։ Ես ունեմ իմ սեփական տեսակետը, անձամբ եղել եմ իրավիճակի մեջ, բոլորի հետ զրուցել եմ ու շատ լավ պատկերացնում եմ։ Շատ լավ է, որ արձագանքել են, դա իրենց անձնական գործն է, հավատացեք՝ այնտեղ մի քանի տասնյակ էլ չէին հավաքվել բողոքելու։ Այնտեղ քանի որ արտակարգ դրության նման դրություն կա, իշխանությունները ճանապարհը փակելու պարագայում կարող էին գնալ ցանկացած գործողության, բայց չեն արել։ Եթե Բակո Սահակյանի փոխարեն ես լինեի, միջադեպը կավարտվեր 5 վայրկյան հետո»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս