«Հասկանում ենք՝ հեշտ է պախկվել վարչապետի թիկունքում…». Արմեն Աշոտյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որում նա ասում է, որ Ա. Աշոտյանը նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով, և «դա արվում էր Բոնապարտին վայել վստահությամբ»։
«Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի վնասում եք, քան՝ օգուտ տալիս, որովհետև ավելի լավ է՝ լինել հալածվող ընդդիմություն, քան՝ կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»,- նշեց Ա. Աշոտյանը։
Նա նաև դիմեց կառավարության անդամներին՝ հորդորելով «չպախկվել» վարչապետի թիկունքում. «Հասկանում ենք՝ հեշտ է պախկվել վարչապետի թիկունքում, քանի որ նա այդքան մեծ հեղինակություն ունի, բայց վերցրեք ձեր վրա այդ բեռը»։
Ա. Աշոտյանն ընդգծեց, որ իրենց նման ինստիտուցիոնալ ընդդիմություն դեռ չի եղել. «Ձեր ֆանատներին, հետևորդներին մի քիչ ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք, հենվեք մեր վրա, այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»։