Նաիրա Զոհրաբյանը «թերթեց վերջին տարիներին բոլոր կառավարությունների «խալաստոյ» կրակած և այդպես էլ իրականություն չդարձած խոստումներն ու թվերը»

«ՀՀԿ մեր գործընկերների սիրտը, ինչպես տեսաք, թիվ է ուզում»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նկատեց, որ ՀՀԿ-ականները թվեր են պահանջում աղքատության նվազման, տնտեսական աճի, գործազրկության նվազման և այլնի։

«Որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիներին «Հանրապետականի» բոլոր կառավարությունների «խալաստոյ» կրակած և այդպես էլ իրականություն չդարձած խոստումներն ու թվերը։ 2017-ի համար ՀՀԿ-ական վարչապետը հայտարարեց 850 միլիոն դոլարի ներդրումների մասին, և հետո բյուջեի ծախսային մասը ներկայացվեց՝ որպես ներդրում։ Սա համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր բլեֆագիտության ժանրից։ Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այս հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց բլեֆ, ավելին՝ ՀՀԿ-ական հերթական վարչապետն իր օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց և լուծարեց «Երկաթուղու շինարարություն տնօրինություն» ՓԲԸ-ն»,- նկատեց պատգամավորը

Ն. Զոհրաբյանի խոսքով ՝ ԱԺ-ում նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով,  և «դա արվում էր Բոնապարտին վայել վստահությամբ»։

Նրա դիտարկմամբ՝ այդ կառավարության խնդիրն է՝ քանդել երկրում կոռուպցիան, վերացնել մենաշնորհն ու հավասար պայմաններ ստեղծելով՝ գնալ արտահերթ ընտրությունների։ Ըստ նրա՝ այդ ամենը հստակ ձևակերպված են ծրագրում և իրագործվում են։

Տեսանյութեր

Լրահոս