Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի կոչը՝ գործող և նախկին պաշտոնյաներին և նրանց որդիներին

ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարարեց, թե Հայաստանում չեն լինելու արտոնյալներ։ Օրենքը հավասարաբար գործելու է բոլորի, այդ թվում՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

«Եվ որպեսզի սա չհնչի որպես սպառնալիք ուրիշների հասցեին, պիտի ջանքեր գործադրեմ, որ այդ սկզբունքն առաջինը գործի իմ ընտանիքի անդամների, իմ շրջապատի, հարազատների և բարեկամների նկատմամբ։ Ու հպարտ եմ հայտարարել, որ որդիս, ում 18 տարին լրացել է այս տարվա մարտին և որը պետք է առաջիկա զորակոչին մեկնի ժամկետային զինվորական ծառայության, դիմում է գրել և կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում։

Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները։

Գործող և նախկին պաշտոնյաներին և նրանց որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում. եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր ժամանակների նոր մոտեցումներին, ներկայանալ զինվորական կոմիսարիատներ և զորակոչվել բանակ:

Եվ այս ֆոնին կրկին, ևս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում և ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ վերադարձեք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության և հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որևէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա և ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության և սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք։

Եվ կրկին ուզում եմ հիշեցնել, որ ժամկետային զինվորական ծառայություն անցնելու համար հայրենիք վերադարձած պատանիները, երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, չեն ձերբակալվի, նրանց նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվի, իսկ բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձինք հնարավորություն կստանան ծառայությունն իրականացնել Զինված ուժերի զարգացման համապատասխան ոլորտում:

Շարունակելով թեման, ասեմ նաև, որ մենք ապահովելու ենք, որ ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորների ծնողները չունենան իրենց զավակներին բանակում պահելու, նրանց համար ներքնաշորեր, կոշիկ, սնունդ, հիգիենիկ պարագաներ գնելու պարտավորություն։ Մենք հոգ ենք տանելու, որ պետությունն իր զինվորին ապահովի այս ամեն ինչով և դա անի պատշաճ որակով ու մակարդակով։

Մենք թույլ չենք տալու, որ մեր զինվորներին ու սպաներին որևէ մեկն ընտրական հարկադրանքի ենթարկի, և նրան աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ, կամ զինվորական սուբորդինացիան չարաշահելով ստիպի խորհրդարանական ընտրություններում քվեարկել այս կամ այն ուժի օգտին, որովհետև զինվորի քաղաքացիական կամքը, ոգին կոտրելով կոտրում են նաև մարտական կամքը և ոգին։

Մենք թույլ չենք տալու, որ մեր բանակում անհանդուրժողական անառողջ մթնոլորտ տիրի, դիտորդի նման չենք հետևելու բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին ու ինքնասպանությունների փորձերին, ոչ կանոնադրական հարաբերություններին. ամեն նման դեպքի հետևում կա իր աշխատանքը պատշաճ կերպով չկարած պատասխանատու և նրան պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել»,- հայտարարեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս