«Երջանիկ լինելու համար պետք է մի քիչ խելքից պակաս լինել». Վարդան Բոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ձեր ծրագրի 5-րդ բաժնում գրված է՝ ազատ, արժանապատիվ, երջանիկ քաղաքացի»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նկատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե այդ «երջանիկ» բառի տակ ի՞նչ ծանրաբեռնվածություն են դնում. «Որովհետև իմ կյանքի ոչ քիչ տարիների ընթացքում ես հասկացել եմ՝ երջանիկ լինելու համար պետք է մի քիչ խելքից պակաս լինել։ Էն ֆանտաստ գրողները, որ զոմբիացնում են ժողովրդին, ասում են՝ մենք ձեզ երջանիկ կդարձնենք, ես չէի ուզենա, որ այս ծրագրում այդ բառը լիներ, կամ կարող է՝ սխալ եմ հասկացել»։
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանը խորհուրդ տվեց Վ. Բոստանջյանին դիտել կադրերը, թե ինչ էր տեղի ունենում ՀՀ-ում 2018 թվականի ապրիլի 23-ին, մայիսի 2-ին, մայիսի 8-ին. «Եվ դուք կտեսնեք երջանիկ մարդկանց»։