
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող է նշանակելու

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի որոշմամբ նշանակվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԵԽԽՎ ինտերնետային կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ զեկուցողի նշանակումը տեղի է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում՝ հունիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում:
Զեկուցողի թեկնածությունները որոշվելու են ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների կոմիտեի նիստում: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկույց պատրաստելու նախաձեռնության և այդ հարցով զեկուցողի նշանակման վերաբերյալ երկու ամիս առաջ ելույթ են ունեցել 24 պատգամավոր, որոնց խումբը գլխավորել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Պիտեր Օմցիխտը:
Ելույթ ունեցած խորհրդարանականները նշել են, որ մերժվել է 2013 թ. գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը:
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակելու նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ այսօր էլ Ադրբեջանում կա քաղբանտարկյալների խնդիր: