Դանիել Իոաննիսյանն առաջարկել է, որ Տիգրան Մուկուչյանը մասնակցի Ընտրական նոր օրենսգրքի մշակմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության ծրագրում, որն այսօր կներկայացվի խորհրդարանին, մեծ տեղ է հատկացված արտահերթ ընտրություններին։ Բայց նախ բարեփոխվելու է Ընտրական օրենսգիրքը, վերացվելու է վարկանիշային ընտրակարգը, մաքրվելու են ցուցակները։

Կառավարությունը որոշել է, որ ԸՕ փոփոխությունները պետք է իրականացնի քաղհասարակության եւ խորհրդարանական ուժերից բաղկացած խումբը։ Աշխատանքը համակարգելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով թեեւ իրավաբանական կրթություն չունի, բայց ընտրություններում դիտորդություն է իրականացրել եւ տնօրեններին «գաղտնաձայնագրելու» աղմկոտ ակցիայի հեղինակն է։

Իոաննիսյանը հավաքել է ՀԿ-ների առաջարկները եւ դրանք քննարկում է քաղաքական ուժերի հետ, սակայն գործընթացը գաղտնի է պահվում։

Առաջարկներից մեկով ենթադրվում է ընտրություններին մասնակցելու իրավունք վերապահել որոշակի քանակի անդամ ունեցող կուսակցություններին, խոսվում է 3-5 հազար շեմի մասին։

Մեզ հետ զրույցում Իոաննիսյանը չցանկացավ անդրադառնալ կոնկրետ առաջարկներին։ Ասաց, որ աշխատում է ԸՕ նախագծի վրա, բայց չի ղեկավարելու խումբը։

«Խմբում լինելու են խորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Ես առաջարկել եմ, որ այդ խմբում ներգրավվեն խորհրդարանական ուժերը, եւ որոշ ուժերի հետ պայմանավորվել եմ արդեն»։ Թե որ ուժերի հետ է պայմանավորվել, չհայտնեց։

«Առաջարկել եմ, որ այդ խմբում լինեն Տիգրանը Մուկուչյան, քաղաքացիական սեկտորից՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ներկայացուցիչները։ Բայց այն, որ ես առաջարկել եմ, վերջնական չէ, վարչապետը պետք է հաստատի»։

Փոփոխությունների կոնկրետ առաջարկներին Իոաննիսյանը չցանկացավ անդրադառնալ։ Թե երբ է աշխատանքային խումբն ստեղծվելու, եւ ովքեր կարող են բացի իրենից առաջարկներ ներկայացնել ԸՕ-ի վերաբերյալ, չգիտեր։

Ճի՞շտ է, որ քաղաքական ուժերից մեկն առաջարկել է ընտրություններին մասնակից կուսակցությունների մասով չափորոշիչներ, ասենք, անդամների շեմ սահմանել՝ 3-5 հազար: Այս հարցին Դանիել Իոաննիսյանը պատասխանեց.

«Ոչ, նման բան չկա: Կուսակցություններից «Հայկական վերածնունդն» է առաջարկել քննարկել կուսակցությունների վերագրանցման հարցը, բայց դա չի վերաբերել Ընտրական օրենսգրքին:

Բոլոր մշակումներն արվելու են «Կուսակցությունների մասին» գործող օրենքի շրջանակներում»:

Իոաննիսյանի օգնական Հովսեփ Ղազարյանն էլ ավելացրեց, որ այս պահի դրությամբ ԱԺ բոլոր ուժերի հետ քննարկումներ են ընթանում, բացառությամբ ՀՀԿ-ի:

«Բոլորը միակարծիք են ռեյտինգային ընտրակարգը վերացնելու, ընտրակեղծիքների համար Քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը խստացնելու հարցում»,- ասաց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս