Միայն հավաստիացումները բավարար չեն

«Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում: Դրանք չեն կարող չանդրադառնալ ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Նոր իշխանությունները բոլորովին այլ որակի արտաքին քաղաքականություն են վարելու, այդ ազդակները գալիս են նաև Արևմուտքից:

Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ սպասել այս բանակցություններից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը շարժվում է իր արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ հավասարակշռելու ուղիով, փոփոխությունն աննշան է լինելու հայ-ռուսական հարաբերություններում արտաքինից, բայց որակապես այն նկատելի է լինելու Հայաստանում: Կարծում եմ` հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերություններում ևս փոփոխություններ կլինեն, բայց դրանց բնույթը չի լինի հայ-ռուսական հարաբերությունների նման:

ՌԴ ներկայիս իշխանությունները հետաքրքրված են Հայաստանին չկորցնելու հարցում և պետք է փորձեն այդ ուղղությամբ շարժվել»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս հրապարակախոս Վլադիմիր Ռիժկովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի Մոսկվա կատարած այշխատանքային այցին:

Նրա խոսքով՝ Հայաստանն արմատական փոփոխությունների սկզբնական փուլում է:

Իսկ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ակնկալվում է, որ Մնացականյանը, ինչպես Սոչիում Նիկոլ Փաշինյանը՝ իր ռուս գործընկերոջը, կվստահեցնի, որ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները չեն փոխվել:

«Կքննարկվեն նաև ընթացիկ հարցեր, կարևորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, Փաշինյանի գաղափարները կարգավորման վերաբերյալ, հայ-ամերիկյան հարաբերությունները, քանի որ, ինչպես երևում է՝ ԱՄՆ-ի կողմից ևս ընդլայնվելու է Հայաստանին ուղղվող ֆինանսավորումը:

Իրականում Ռուսաստանին անհրաժեշտ է իսկապես ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու ՀՀ նոր իշխանությունների իրական արտաքին քաղաքականությունը, քանի որ ակնհայտ արևմտյան ակտիվություն ու հետաքրքրություն է նկատվում: ՀՀ իշխանությունների կողմից միայն հավաստիացումները բավարար չեն, մենք պետք է հետևենք իրական քաղաքականությանը, թե ինչպես է այն գործելու, և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու ԱՄՆ-ի և Եվրամիության միջև:

Եվ ԱՄՆ-ը, և ԵՄ-ն մտադիր են մեծացնել Հայաստանին տրվող ֆինանսավորումը, սա, իմ գնահատմամբ՝ պատահական չէ, բայց կխուսափեմ ժամանակից շուտ եզրակացություններից»,- ասել է Տարասովը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս