«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ 2018թ.-ին կիրականացվի 5 ծրագիր
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփեց տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի 2017թ.-ի համեմատ հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում հայտ:
Հիմնադրամի խորհրդի որոշմամբ 2018թ.-ին աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ 5 կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝
- «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» ՀԿ,
- «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ,
- ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ,
- «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամ» ,
- «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»։
Հրազդանի թիվ 11 դպրոցում ֆրանսերենի առանձնացված դասարան կստեղծվի, խորացված դասընթաց կիրականացվի 1,200 աշակերտի համար: Մյուս ծրագիրը իրականացվելու է Գորիսի Շինուհայր համայնքում. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը կարի և բուրդ գզելու մեքենաներ կգնի, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Բյուրականի աստղադիտարանում էլ գիտական տուրիզմն է զարգացվելու։ Այս տարի ևս «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կաջակցի հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։Իսկ սահմանամերձ Մովսես գյուղում կհիմնվի Արմաթ ինժեներական լաբորատորիա։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: