
G7-ի գագաթնաժողովի օրակարգում կլինեն ՌԴ-ի, ԿԺԴՀ-ի, Սիրիայի և Իրանի հետ հարաբերությունները

Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները, ԿԺԴՀ-ի խնդիրը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերը, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը եւ Սիրիան կլինեն Կանադայում «յոթնյակի» գագաթնաժողովի արտաքին քաղաքական օրակարգի հանգուցային թեմաները: Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը:
Կարեւորագույն թեմաներից մեկը կդառնա ԿԺԴՀ-ի խնդիրը: «Յոթնյակի մասնակիցներն ընդհանուր նպատակ ունեն. դա Կորեական թերակղզու միջուկազերծումն է: Հարկ է սպասել, որ նրանք կհաստատեն այդ նպատակը»,-նշել են գերմանական կառավարությունում:
Ինչ վերաբերում է Իրանին եւ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պահպանմանը, G7-ի մասնակիցների շրջանում «կան տարակարծություններ», նշել են ԳԴՀ-ի նախարարների կաբինետում: «Մենք համաձայնագիրը կպաշտպանենք այնքան ժամանակ, քանի դեռ Իրանն այն կկատարի»,-նշել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ «յոթնյակը» համակարծիք է, որ Սիրիայում հարկավոր Է առաջընթացի հասնել հակամարտության քաղաքական լուծում գտնելու հարցում:
Կանադան G7-ը նախագահում է 2018 թվականի հունվարի 1-ից եւ «յոթնյակի» հերթական գագաթնաժողովը հունիսի 8-ից մինչեւ 9-ը կանցկացնի առողջարանային Լա Մալբա (Քվեբեկի նահանգ) քաղաքում: Արտաքին քաղաքական թեմաները հունիսի 8-ի երեկոյան կքննարկվեն աշխատանքային ընթրիքի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: