
Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը: Բալայանը նշեց, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարում ունենալ այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում:
«Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանը, դրա կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից և աշխարհաքաղաքական իրադրությունից»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Տիգրան Բալայանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված տասնյակ բանաձևերը ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է:
Հիշեցնենք, որ Իսրայելի Քնեսեթի օրակարգում էր հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Քնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել էին Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագծի ներկայացման մասին և ընդգծել, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված ոճիրը:
Վարչապետ Նեթանյահուն, սակայն, հայտարարել է, որ ընդունել է երկրի ԱԳՆ-ի խորհուրդները՝ Քնեսեթում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումները հետաձգել մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։