
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հրաժարվել ՄԻԵԴ վճիռները կատարելուց

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում գործող «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս, որը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլլիի դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին:
ՄԻԵԴ երկրորդ որոշումն ուժի մեջ էր մտել 2018 թ. մարտի 6-ին և ենթակա էր երեք ամսվա ընթացքում կատարման: Հունիսի 5-ին ավարտվել է եռամսյա ժամկետը, սակայն Ադրբեջանի գերագույն դատարանի պլենումը դեռևս չի քննարկել այդ հարցը, որով պետք է չեղարկեր ստորին դատարանների կողմից Մամեդովի գործով կայացված որոշումները:
Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, որը նախատեսում է արդար դատաքննության իրավունքը, Մամեդովի դեմ ներկայացված բոլոր ապացույցները հիմնավոր չեն:
ՄԻԵԴ-ը Ճանաչել է Մամեդովի արդար դատաքննության իրավունքի խախտումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն այս հարցով հրապարակվել էր 2017 թ. նոյեմբերին, իսկ վճիռն ուժի մեջ էր մտել ընթացիկ տարվա մարտի 6-ին: