Հայաստանում առաջին անգամ պլաստիկ թափոններից շինանյութ կստանան
Ժամանակակից աշխարհում նորամուծությունները ոչ միայն հարմարություններ են ստեղծում մարդու կյանքում, այլև անուղղելի վնաս հասցնում բնությանը: Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սպասքը, պլաստիկ շշերը, փաթեթավորումները, պոլիէթիլենային տոպրակները դրա ապացույցն են:
Ըստ Էլեն Մըքարթուր հիմնադրամի, 2050 թվականին թափոնների մասսան ջրային պաշարներում շատ ավելին է լինելու, քան երկրագնդի ողջ ձկնային պաշարի քաշը: Պլաստիկը համաշխարհային օվկիանոսի աղբի 80%-ն է կազմում: Արդյունքում ստացվում է, որ այն բոլոր պլաստիկ թափոնները, որոնք մենք նետում ենք աղբարկղեր կամ բնության գիրկ, վերադառնում են աղտոտված սննդի, ջրի և օդի տեսքով:
Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, բայց պլաստիկ փաթեթավորման ինտենսիվ օգտագործումն այստեղ ևս հանգեցրել է բնապահպանական խնդիրների: Ավելին, Հայաստանում աղբի տարանջատման քաղաքականությունն ամբողջությամբ դեռ չի ներդրվել, և խնդիրն ավելի տեսանելի է դառնում ուժեղ քամիների ժամանակ, երբ պոլիէթիլենային տոպրակները, պլաստմասսե իրերը կուտակումներ են ստեղծում: Համաձայն 2016 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հրապարակած գնահատականի, պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝ տարեկան Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում է ավելի քան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ, և արտադրվում` ավելի քան 201 տոննա:
Չնայած խնդրի ահագնացող ծավալներին, մի շարք զարգացած երկրներ վաղուց հաջողությամբ ներդրել են աղբի տեսակավորման և վերամշակման նոր տեխնոլոգիաներ` ջանալով նվազագույնի հասցնել մոլորակի աղտոտվածությունը ու պլաստիկի վնասը բնությանը: Իսկ այն բնապահպանները, պաշտոնյաները, որոնք տարիներ շարունակ զբաղվում են թափոնների խնդրով Հայաստանում, վստահ են` աղբի տեսակավորման և վերամշակման քաղաքականության ներդրումը Հայաստանում հեռու ապագայի հարց է:
Հայաստանը միակ երկիրը չէ, տարածաշրջանի մյուս երկրները ևս թափոնների կառավարման հետ կապված դժվարին մարտահրավերների են առերեսվում։ Շրջակա միջավայրի բնագավառում միասնական աշխատանքը՝ հանուն ավելի լավ քաղաքականության և ավելի կանաչ ներդրումների, այդուհանդերձ, առաջնահերթություն է ԵՄ-ի համար։
Ըստ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլիի` թեպետ Հայաստանում աղբի տարանջատման ոչ՛ քաղաքականություն և ո՛չ էլ պրակտիկա կա, գոյություն ունի 30 համայնք, որտեղ բնակիչներն արդեն մի քանի տարի պլաստիկ շշերի պահեստավորման գործում առաջամարտիկ են: Նրա խոսքով՝ Հայաստանում ավելի ու ավելի շատ համայնքներ են ցանկություն հայտնում սկսել պլաստիկի տարանջատման գործընթացը: Սակայն, պաշտոնյայի խոսքով, այս կետում շղթան ընդհատվում է, քանի որ գործընթացն ավարտվում է՝ դրանք մշտական կերպով պահոցներում հավաքելով:
Այնուամենայնիվ կա մեկ օրինակ, որը հույս է ներշնչում: Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե թափոնները ոչ միայն տեսակավորվում են, այլև պատրաստվում են վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում: Սա հնարավոր կդառնա «Բնապահպանական մարտահրավերի վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինանյութի ստացում» ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Եվրոպական միության և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Վերամշակման արդյունքները, ըստ ծրագրերի պատասխանատուների, երկար սպասեցնել չեն տա:
«Այս նախագծով առաջին անգամ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կհիմնադրվի ստարտափ վերամշակման գործարան, որը մի շարք տեխնոլոգիական պրոցեսներ անցնելուց և արտադրական գծին ավազ խառնելուց հետո պլաստիկ թափոնների վերամշակումից ստանում է նյութեր: Ստարտափին բավարար քանակությամբ պլաստիկ թափոններ մատակարարելու համար նախագիծը կստեղծի դրա տարանջատման և հավաքման ենթակառուցվածք Եղեգնաձորից Մեղրի ընկած հատվածում՝ ներառելով Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 9 համայնքներ: Սալահատակի եզրաքարերի և փողոցային սալիկների առաջին խմբաքանակը կուղղվի այն համայնքների հանրային տարածքների բարելավմանը, որոնք արտադրական գծին տրամադրել են պլաստիկ թափոններ»,- մանրամասնեց Բաջջիոլին:
Երկամյա ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 750 հազար եվրո, որից շուրջ 510 հազար եվրոն տրամադրել է Եվրոպական միությունը: Ծրագրի բյուջեի 25%-ը ֆինանսավորել են ՀՀ կառավարությունն ու ծրագրի իրականացնողներ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը և Կապանի քաղաքապետարանը: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյանի խոսքով՝ այս ծրագրով կենցաղային աղբի կառավարումը փորձում են քաղաքակիրթ և արդյունավետ դարձնել` որպես առաջին քայլ սկսելով պլաստիկ թափոններից:
Տվյալ նախագիծը գործում է Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) ներքո, հրապարակված 2015 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության (ՏԿԶՆ) կողմից:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համաձայն՝ սա լիովին համապատասխանում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բնապահպանական գերակայություններին և օգնում է խթանել շրջանաձև տնտեսության վրա կենտրոնացումը, ներառյալ՝ արժեքային շղթայի զարգացման և կրթական ու իրազեկման հատուկ միջոցառումների իրականացման միջոցով:
Բաջջիոլին ասաց, որ ավելի քան 60 մարդ կշահի վերապատրաստման դասընթացներից և կբարելավեն իրենց հնարավորություններն աշխատաշուկայում, նրանցից 35-ը կստանան մշտական աշխատանք: ԵՄ պաշտոնյայի համաձայն՝ ծրագիրն ունի ուժեղ բնապահպանական կոնտեքստ՝ ոչ միայն այն պատճառով, որ օգնում է նվազեցնել պլաստիկ թափոնների ավարտը բնության մեջ, այլև այն, որ բնապահպանական կառավարման համակարգը, գործառնական անվտանգությունն ու առողջական համակարգը կհաստատվեն այս ստարտափում, որը ուղի կհարթի որակի կառավարման համակարգի ISO սերտիֆիկատի համար:
«Այս ծրագիրը կազմակերպել է պլաստիկ պարունակող շինանյութի շուկայի ուսումնասիրություն և կաջակցի արտադրանքի խթանմանը շինարարական ընկերությունների և մատակարարների հետ»,- տեղեկացրեց Բաջջիոլին:
Արմինե Թուխիկյանն ասաց, որ ՀՀ շուրջ 30 համայնքներում ներդրել են կենցաղային աղբից պլաստիկ թափոնների տարանջատման մոդելը, և ներկայումս շատ համայնքներ կան, որտեղ պլաստիկ թափոնները տարանջատվում են, կուտակվում, պահեստավորվում, սեղմվում, որպեսզի ծավալը փոքրանա: «Իսկ այս ծրագրով առաջին անգամ Հայաստանում փորձելու ենք հավաքված թափոնները վերամշակել արտադրամասում և ստանալ շինանյութ»,- նկատեց նա:
Նոր մեկնարկող գործարանն օգտագործելու է 80% ավազ և 20 % պլաստիկ թափոն: Հալվող պլաստիկը կպչունություն է ապահովելու ավազի համար, ինչը սովորական դեպքում ցեմենտն է ապահովում:
«Նախատեսում ենք առայժմ 6 տեսակի շինանյութ ստանալ, բայց աշխարհում շատ ընդունված է նման տեխնոլոգիայով հարյուրավոր նյութեր ստանալ»,- ասաց Թուխիկյանը՝ հավելելով, որ 2 ամսից արտադրամասի տեղադրման բոլոր աշխատանքները կավարտվեն, որից հետո մատակարարը պարտավոր է վերապատրաստում անցկացնել նոր աշխատակիցների համար, որոնք աշխատանքի կընդունվեն արտադրամասում, վերապատրաստումից հետո կսկսեն արտադրել շինանյութ, և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կունենանք արտադրանք:
Թուխիկյանի խոսքով՝ պլաստիկից ստացված արտադրանքն իր տեխնիկական բնութագրիչներով ոչ միայն չի զիջելու, այլև գերազանցելու է ավազով և ցեմենտով պատրաստվող նույն արտադրատեսակներին:
Նա պատմեց, որ կոշտ կենցաղային թափոններից պլաստիկ թափոնների տարանջատման տեխնոլոգիայի ներդրման եռաքայլ մոդել են մշակել: Ըստ նրա՝ առաջին բաղադրիչը սերտ համագործակցությունն է ՏԻՄ-ի հետ, այսինքն` ՏԻՄ-ը պետք է ցանկանա իր համայնքում այս գործընթացը սկսել՝ որոշակի ներդրում ունենալով տվյալ գործընթացի համար հարմար պայմանների ապահովման գործում:
Մյուս բաղադրիչը, Թուխիկյանի խոսքով, ենթակառուցվածքի ստեղծումն է: «Այսինքն` մենք համապատասխան պայմաններ ենք ստեղծում, որպեսզի բնակիչները կարողանան տարանջատել: Օրինակ` ընդհանուր աղբամանների կողքին տեղադրում ենք հատուկ աղբամաններ պլաստիկի համար, որից հետո մյուս բաղադրիչի միջոցով` հանրային իրազեկման լայն արշավների միջոցով, տեղեկացնում ենք մարդկանց, թե ինչու է սա անհրաժեշտ և ինչումն է կայանում վտանգը, որ պլաստիկը հայտնվում է աղբավայրում, ինչպես վարվել կենցաղում պլաստիկի հետ, և այլն»,- պարզաբանեց Թուխիկյանը:
Ըստ նրա՝ հանրային իրազեկումը, ենթակառուցվածքները և ՏԻՄ-ի գործառույթները բոլորը միասին հանգեցնում են նրան, որ տվյալ համայնքում մենք կարողանում ենք պլաստիկը հավաքել, պահեստավորել և դրա ճակատագիրը տնօրինել ինչ-որ կերպ կամ վաճառել:
Ծրագրի պատասխանատուները պնդում են, որ վերամշակված պլաստիկ թափոններից արտադրանքն իրականություն կդառնա շատ շուտով: Գուցե ծրագիրը նույնիսկ նախադեպային դառնա Հայաստանում պլաստիկ թափոնների պահեստավորման և վերամշակման ոլորտում:
Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին: