Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը դարձել է «հրշեջ» և զբաղված է այսուայնտեղ ծագող հրդեհները մարելով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու և առանց մտավախության ստանձնում էր ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը, հավանաբար, չէր պատկերացնում, թե ինչքան խութեր կան առջևում: Թերևս նաև դա էր պատճառը, որ նա նույնքան համարձակորեն ու առանց աչք թարթելու սկսեց ողջ պետական ապարատի փոփոխությունը՝ հնից ազատվելու և ամեն ինչ նորացնելու ծրագրով: Բայց մեկ ամիսն էլ բավական եղավ հասկա­նալու համար, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նա դարձել է «հրշեջ» և զբաղված է այսուայնտեղ ծագող հրդեհները մարելով:

Մի օր աշխատակազմի ղեկավարն է «մոռանում» պատշաճ հրավեր ուղարկել ԱԺ նախագահին, և վարչապետը ստիպ­ված է կառավարության անունից ասել, որ «թյուրիմացություն» է եղել: Մի օր էներգետիկայի նախարարն է հայտարարում, որ ԲԷՑ-երը՝ բարձ­րավոլտ էներգացանցերը, «մնալու են պետական», և վարչապետը ստիպ­ված է հաջորդ օրը կառավարության նիստում սրբագրել նախարարի ասածը՝ որ դեռ նման որոշում չկա:

Մի օր առաջին փոխվարչապետն է վերցնում վարչապետի ինքնաթիռն ու հայդե՝ Դուշանբե, և վարչապե­տը ստիպված է կանոնակարգել այդ հարցերը: Մի օր Դավիթ Սանասարյանն է ստատուս գրում, թե՝ մի սեփականաշնորհեք թավշյա հեղա­փոխության գործիքները՝ պայքարե­լու իրավունք բոլորն ունեն, անգամ՝ ՀՀԿ-ականները, իսկ վարչապետը «լայվ» է մտնում և այդ պայքարը կո­չում սաբոտաժի դրսևորումներ: Մի բան պարզ է, որ իշխանության եկած թիմը շատ անփորձ է, և նրանցից շա­տերին բարձր պաշտոններ վստահե­լը, եթե չասենք՝ չմտածված, ապա բա­վականին խիզախ քայլ էր, դրանից բխող անկանխատեսելի հետևանք­ներով:

Եթե սրան գումարենք նաև այն, որ մի քանի ֆալստարտ հնչեցին՝ Երևանի քաղաքապետին և դատա­խազին ուղղված ուլտիմատումների տեսքով, պարզ կդառնա, որ հեղափոխության հե­րոսները բարդ իրավիճա­կում են հայտնվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս