Բաժիններ՝

ԱԱԾ-ի տեսանյութում երևացող «Նորֆոլկ» ընկերության տնօրենի տանը հայտնաբերված գումարները օրինական են եղել. Փաստաբան. Aysor.am

Առանձնապես խոշոր չափերով հարկերը չարամտորեն խուսաթելու մեղադրանքով կալանավորված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբան Սամվել Անդրիասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենք բողոքարկել են Ունանյանին կալանավորելու մասին որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանը դեռ բողոքի քննության օր չի նշանակել։

«Առաջադրված մեղադրանքն իմ պաշտպանյալը չի ընդունում», – ասել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով կալանավորվել է երեք անձ՝ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը, գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը և հաշվապահության ծառայության գծով տնօրեն Սիմոն Առաքելյանը: Վերջին երկուսը ևս չեն ընդունում իրենց մեղադրանքը։

«Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գործը կապված է 7 մլն ԱՄՆ դոլար հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ չվճարելու հետ։ Իմ պաշտպանյալն ասել է, որ այդ մեղադրանքը չի ընդունում», – ասել է Ունանյանի փաստաբանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարկել, որտեղ երևում էր գումարը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերվել էր Ունանյանի առանձնատանը, փաստաբանն արձագանքել է. «Գումարն, այո՛, հայտնաբերվել է, բայց դա հարկերը խուսափելու արդյունքում գոյացած գումար չի։ Դա այն գումարն էր, որով պետք է վճարեր հարկերը։ Դա օրինական գումար է եղել»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսում մենաշնորհային դիրք է զբաղեցրել։ Ավելին, հիմնադրվել է Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում) գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։

«Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար», – նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

168.am–ի հետ զրույցում Արմեն Ունանյանի պաշտպան Սամվել Անդրիասյանը ավելի վաղ հայտնել էր, որ դատական ակտը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան. «Ինչ վերաբերում է դատարանի որոշման հիմնավորվածությանն ու պատճառաբանվածությանը, ցանկանում եմ նշել, որ ըստ էության, կալանավորման հիմքերը բացակայում էին: Իսկ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդության մերժումը ևս անհիմն է»,- ասել էր փաստաբանը՝ նշելով, որ միջնորդվել էր բավական մեծ գումար. «Այս պահին չնշեմ՝ որքան գումար ենք միջնորդել, բայց Արմեն Ունանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու ռեալ հնարավորություն էր ստեղծվում»:

Նրա խոսաքով՝ Արմեն Ունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ hարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս