«Նորֆոլկ Քոնսալթինգի» տնօրենը կալանավորվել է. նա մեղադրանքը չի ընդունում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն այսօր՝ ժամը 6:00-ի սահմաններում, դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 168.am–ին հայտնեց Արմեն Ունանյանի պաշտպան Սամվել Անդրիասյանը:
Նա նշեց, որ դատական ակտը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան. «Ինչ վերաբերում է դատարանի որոշման հիմնավորվածությանն ու պատճառաբանվածությանը, ցանկանում եմ նշել, որ ըստ էության, կալանավորման հիմքերը բացակայում էին: Իսկ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդության մերժումը ևս անհիմն է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ միջնորդվել էր բավական մեծ գումար. «Այս պահին չնշեմ՝ որքան գումար ենք միջնորդել, բայց Արմեն Ունանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու ռեալ հնարավորություն էր ստեղծվում»:
Նրա խոսաքով՝ Արմեն Ունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ hարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: «Իմ պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց պաշտպանը:
Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանն այն մասին, որ «բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց», պաշտպանն ասաց. «Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ որևիցե հանցավոր սխեմա չի գործել, այդ գործընթացը եղել է օրինական դաշտում, իսկ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ վճարելուց խուսափելու առումով ևս առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, քանի որ հարկերից, տուրքերից խուսափելու որևիցե միտում չի ունեցել»:
Հարցին՝ այդ պայմաններում ինչո՞վ են պայմանավորում քրեական գործի հարուցումը, մեղադրանք առաջադրելը, պաշտպանը պատասխանեց, որ այդ հարցին լրացուցիչ կանդրադառնան: Նրա խոսքով՝ բողոքարկվելու են բոլոր դատավարական որոշումները, դատական ակտերը, որոնք, իրենց կարծիքով, անհիմն են, և որոնք բողոքարկելու հիմքեր առկա են: