«Որպես անցումային շրջանի ժամանակավոր կառավարության ներկայացրած ծրագիր՝ ընդունելի է». Արա Պապյան
«Ակնհայտ է, որ այս ծրագիրն անցումային շրջանի ծրագիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ այսքան կարճ ժամանակում և այսքան կարճ ժամանակահատվածի համար հնարավոր չէր ավելի մանրամասն փաստաթուղթ ներկայացնել. «Որպես առաջին մաս՝ անվտանգության մասին են անդրադառնում, բայց շատ հետաքրքիր է, որ դրանից ավելի առաջ դրված է արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը, ինչն ինքնին ցույց է տալիս կառավարության առաջնահերթությունները։ Այս կետը ոչ միայն ամենակարևոր կետն է, այլև՝ ամենամանրամասն մշակվածն է։ Կա որոշակիություն։ Մասնավորապես, երբ խոսվում է, թե ինչպես պետք է կազմակերպվի, հստակորեն նշվում է այդ ռեյտինգային համակարգից հրաժարվելու պահանջը»։
Ա. Պապյանը գտնում է՝ ծրագրում ներառված բոլոր կետերն ավելի պետք է բացվեն հաջորդ արտահերթ ընտրություններից հետո, երբ կձևավորվի ժողովրդի մտքերն արտահայտող խորհրդարան.
«Ակնհայտ է, որ սա Նիկոլ Փաշինյանի ելույթի մի քիչ ընդլայնված տարբերակն է, սա արվել է, որ հաստատեն ծրագիրը, կառավարությունը սկսի աշխատել։ Նպատակը դա է, ժամանակային առումով էլ շատ քիչ էր։ Կարծում եմ՝ երբ ունենանք իսկական ընտրապայքար կուսակցությունների միջև, այդ ժամանակ կբյուրեղանան հասարակության պահանջները տարբեր հարցերի շուրջ»։
Հարցին՝ այս ծրագրից Ձեր ունեցած ամենամեծ ակնկալիքը ո՞րն էր, և արդյո՞ք այն արդարացել է, Ա. Պապյանն այսպես պատասխանեց. «Իմ ամենամեծ ակնկալիքը ներկա կառավարությունից ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն է, ինչն ամենալավ մշակված մասն էր ծրագրում։ Որպես անցումային շրջանի ժամանակավոր կառավարության ներկայացրած ծրագիր՝ ընդունելի է այն հույսով, որ ընտրությունները ճիշտ և խոստացված ձևով կկազմակերպվեն, դրանից հետո արդեն հաղթող ուժը կամ ուժերը կկազմեն ավելի մնայուն, ավելի մանրակրկիտ ծրագիր, և դրանով առաջ կընթանանք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։