Բաժիններ՝

Վրաստանում բացվել է առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան

2018թ. մայիսի 31-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից տեղեկացնում են, որ բացման արարողությանը ներկա են եղել նաև պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կառավարության անդամները:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ով շնորհավորել է ներկաներին Վրաստանում, մասնավորապես Ախալքալաք քաղաքում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման առթիվ և շեշտել է օրվա պատմական լինելու պահը Ջավախքի և ջավախքցիների համար: Ընդգծելով այն փաստը, որ հիմնադրամն այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ի դեմս «ԱրՄաթ»-ի, ծրագրերի նոր մեկնարկ է տվել, նախատեսվում է Ջավախքի բոլոր շրջաններում հիմնել նմանատիպ լաբորատորիաներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ընդգծելով ՀՀ կառավարության ծրագրում կրթության կարևորությունը և այն համարելով երկրի կարևորագույն ապրանքանիշերից մեկը, կրթության նախարարը ողջունեց «ԱրՄաթ» ծրագրի իրականացումը Ջավախքում: Նախարարը շնորհակալության խոսք հղեց ծրագրի նախաձեռնողներին և հովանավորներին և նշեց, որ այս ծրագիրը կրթության մեջ կարևորագույն նախաձեռնություններից է: Իր խոսքում նախարարը հայտնեց նաև կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նմանատիպ ծրագրերի իրականցմանը՝ համագործակցելով Վրաստանի իշխանությունների հետ:  

Ելույթ ունեցավ նաև ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ով նշեց, որ Ախալքալաքի «ԱրՄաթը» առաջին հաջողված փորձն է իրականացնելու ծրագիրը նաև ՀՀ սահաններից դուրս՝ աշխարհի տարբեր հայաբնակ վայրերում: Նա կարևորեց ծրագրի իրականացումը և երեխաների ընդգրկվածությունը դասընթացներում՝ շեշտելով, որ այսօր ծրագրավորումը և ինժեներությունը ամենապահանջված մասնագիտություններից են և այս ծրագիրը հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին մնալ և աշխատել իրենց հայրենիքում:

Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրն իրականացվում է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ, ով նույնպես իր շնորհակալական խոսքը հղեց ՋԱՀ-ին և ԻՏՁՄ-ին երեխաներին ժամանակակից մասնագիտություն սովորելու հնարավորություն ընձեռելու համար:

Ախալքալաքի «ԱրՄաթ» լաբորատորիայում արդեն գրանցվել է շուրջ 160 երեխա, որոնցից 115-ը հաճախում են խմբակի դասընթացներին: Լաբորատորիա-խմբակում աշակերտները ստանում են ծրագրավորման, ժամանակակից ինժեներության և ռոբոտաշինության գիտելիքներ ու հմտություններ: «ԱրՄաթը», միևնույն ժամանակ, ինքնազարգացման և ոչ ֆորմալ կրթության նորարարական հարթակ է: Այն նպաստում է համայնքի տնտեսական զարգացմանը ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավման միջոցով, ինչպես նաև դպրոցական կրթությանը զուգահեռ երեխաներին հնարավորություն ընձեռում ձեռքբերել ժամանակակից մասնագիտություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս