Բաժիններ՝

Արցախում ռազմական խորհրդի նիստին մի շարք օրակարգային հարցեր են քննարկվել

Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

Ռազմական խորհրդի օրակարգային հարցերը վերաբերում էին ՊԲ մարտական հերթապահության ու ինժեներական ապահովման վիճակին, առկա խնդիրներին և լուծման ուղիներին, ինչպես նաև զինված ուժերի արդի պահանջներն ու առաջատար երկրների փորձը հաշվի առնելով` հետախուզության զարգացման հեռանկարներին:

Ըստ այդմ` առանձին ուղղություններով հնչել են համապարփակ զեկույցներ, ծավալվել ակտիվ քննարկումներ, վեր են հանվել այս կամ այն բնագավառում տեղ գտած բացթողումները, անդրադարձ կատարվել ծնող պատճառներին և այսուհետ դրանցից խուսափելու ուղիներին:

Օրակարգային հարցերի վերաբերյալ ելույթներ են ունեցել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, միավորումների և զորամասերի հրամանատարներ, մարտական ապահովման բաժինների պետեր:

Նշված ելույթներում շոշափվել են այնպիսի թեմաներ, որոնք առնչվում են մարտական հերթապահության նախապատրաստման, կրման և համակողմանի ապահովման վիճակին, հետախուզական, ինժեներական, կապի և թիկունքային ապահովման, դիտարկման համակարգի կատարելագործման հարցերին, իրականացվող գործընթացները առավել բարձր արդյունավետության մակարդակով կյանքի կոչելու խնդիրներին:

Վերջում ընդհանրացնելով նիստի արդյունքները, բանակի հրամանատարը ներկա հրամկազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարել մարտական հերթապահության նախապատրաստման ու կրման ժամանակ առաջնորդվել նաև ռազմական խորհրդի որոշման դրույթներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս