Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն Իսրայելի Քնեսեթի օրակարգ կարող է մտնել հունիսի առաջին կեսին

Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթեյնը Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանի հղած նամակին ի պատասխան հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Քնեսեթի օրակարգից հետ չի քաշել: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ իսրայելական լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը հետ կանչելու մասին լուրերից հետո Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Քնեսեթի խոսնակին և իր մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ:

«Քնեսեթի լիագումար նիստի օրակարգից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ-օրինագիծը հետ կանչելու մասին մենք տեղեկացել ենք տեղական մամուլից: Լուրը մեծ հիասթափություն պատճառեց թե՛ հայ համայնքին, թե՛ այստեղ Հայ դատի հարցերով զբաղվողներին և իհարկե՝ Երուսաղեմի հայոց միաբանությանն ու պատրիարքին:

Այդ էր պատճառը, որ սրբազանը նամակ ուղարկեց, որում իր հիասթափությունը հայտնեց եւ պահանջեց, որ ճանաչման օրինագիծը հետ վերադարձվի օրակարգ, որովհետեւ ընդամենը մեկ շաբաթ առաջ խոստացել էին, որ պետք է ընդգրկվեր օրակարգում: Պատրիարքը նշել էր, որ օրակարգում ընդգրկելը հրեա ժողովրդի կողմից կատարված ճիշտ եւ բարոյական քայլ կլինի »,- մանրամասնեց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Պատրիարքն արդեն ստացել է Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնի պատասխան-նամակը, որտեղ ասվում է, թե տեղական մամուլի հրապարակումները սխալ են, չճշտված լուրեր են պարունակում, և որ խոսնակը Ցեղասպանության ճանաչման մասին հարցը հետ չի քաշել: Խոսնակը նաև նշել է, որ ընդհանրապես նման ծրագիր չկար, որ այս շաբաթ հարցը պետք է օրակարգում լիներ, եւ տեղեկացրել է, որ իրենք սպասում են հարմար ժամանակի, երբ Քնեսեթում մեծամասնություն լինի, և երբ համոզված լինեն, որ ընդունելու համար մեծամասնություն կա, այն ժամանակ էլ օրակարգում կընդգրկեն:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հավելեց, որ նամակի մեջ Իսրայելի օրենսդիր մարմնի խոսնակը հստակ նշել էր, որ ինքը իր ոչ մի խոսքից հետ չի կանգնում եւ վերահաստատել է, որ Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը բարոյական քայլ կլինի:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նաեւ ուշագրավ դրվագներ փոխանցեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ, ինչը, ըստ նրա, հույս է ներշնչում, որ Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մոտ է: «Հույս ներշնչող այդ հանգամանքներից մեկն այն է, որ երբ մենք հարցը քվեարկության դնելու համար մասնակցեցինք քննարկմանը, հարց էր դրված ոչ թե քննարկումներ կատարել օրինագծի շուրջ, այլեւ՝ այս անգամ ուղղակի ճանաչել այն: Երկրորդ՝ մինչեւ հիմա այս թեմայով տեղի ունեցած բոլոր քննարկումների ժամանակ կառավարությունից ներկայացուցիչ էր ներկա լինում, որոնք փորձում էին Քնեսեթին համոզել օրինագիծը օրակարգից հանել համ ուղարկել Քնեսեթի որեւէ հանձնախումբ՝ այնտեղ քննարկելու: Այս անգամ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չէր եկել: Նախորդ տարիներին, երբ Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում քննարկվում էր, երբեք չէր եղել, որ Իսրայելի վարչապետն անդրադառնար այդ քննարկմանը: Այս անգամ քննարկումից օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձավ այս հարցին եւ ասաց, որ արդեն հասել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը: Այս երեք կետերը մեզ հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Քնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը նաև հավելեց, որ օրերս տեղեկացել են, որ հնարավոր է Ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ մտնի հենց հունիսի առաջին կեսին: Նա կարծիք հայտնեց, որ այլեւս Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի կողմից քաղաքական շահարկման առարկա չի կարող դառնալ` շեշտելով, որ նրանք հարգանքով պետք է մոտենան Հայոց ցեղասպանության զոհերին:

Իսրայելական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Քնեսեթի խոսնակՅուլի Էդելշթեյնը լիագումար նիստերի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը` պատճառաբանելով, թե դա արել է խայտառակությունից խուսափելու համար, քանի որհամոզվածություն չի ունեցել, թե խորհրդարանականների մեծամասնությունը նախագծին կողմ կքվեարկի:

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Քնեսեթի օրակարգում է հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Քնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ: Նրանք ընդգծել են, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս