Երևանի հյուրանոցներից մեկում թունավորումից տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել
Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից հունիսի 2-ի գիշերը՝ 01։30-ի սահմաններում, թունավորման ախտանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 15 մարդ, որից 6-ը՝ չափահաս, 9-ը՝ երեխա։ Բոլոր տուժածները դուրս են գրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Լիանա Եղիազարյանը:
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ առողջապահության նախարարության մասնագիտական խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական ուսումնասիրություն։
Պարզվել է, որ տուժածների մոտ առկա են թուլության նշաններ, ինչը, ըստ նախնական ախտորոշման, քլորի հետևանքով թունավորում է։ Տուժածները վերադառնալով տուն, առավոտյան շտապօգնությամբ կրկին հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Ժամը 12-ի դրությամբ՝ բոլոր տուժածները դուրս են գրվել։
Իրականացվել է ջրի նմուշառում լաբորատոր հետազոտություն կատարելու համար։ Մասնագիտական եզրակացությունը կտրամադրվի հետազոտության ավարտից հետո։ Հանգամանքները ճշտվում են»,- հայտնել է նա։