Բաժիններ՝

ՊԵԿ-ը հերքում է. սուպերմարկետներին ԱՁ-ներով գործելու հանձնարարական չի եղել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը գործարարներին հորդորվել է աշխատել ԱԱՀ դաշտում:

Բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանն ՖԲ իր էջում գրել է. «Գները նորից իջան, քանի որ կառավարությունը հանձնարարեց նախկինի նման տեղական գյուղմթերքը ԱՁ-ներով աշխատացնել, ոչ թե ԱԱՀ դաշտում։ Լավ է, որ տրամաբանությունը հաղթեց, մինչև օրենսդրական դաշտի կարգավորումը»: Միրաքյանի գրառումը քննարկում է առաջացրել տարբեր սոցիալական ցանցերում, որտեղ օգտատերերի մի մասը արդեն ահազանգում է, որ տարածվում է ապատեղեկատվություն:

Մայիսի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն` «Երևան Սիթի» խանութների ցանցը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել հարկային կառույցի նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը իրականացնել է հարյուրավոր անձանց միջոցով՝ նրանց գրանցելով որպես անհատ ձեռներեցներ։ Գրանցված անհատ ձեռներեցները գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։

ԱԱԾ-ի նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 անհատ ձեռներեցների միջոցով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ (մոտ 83 մլն ԱՄՆ դոլար), որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Բացի այդ, ԱԱԾ-ն բացահայտել է, որ Հայաստանում սուպերմարկետների ցանցերին գյուղմթերք մատակարարող գյուղացիները մեծամասամբ աշխատում են առանց փաստաթղթերի։ Խանութները նրանցից մթերքը գնում են կանխիկ գումարով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի։

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՊԵԿ-ում տեղյակ են եղել, որ մեկ սուպերմարկետի հասցեում գործել են մեկից ավելի տնտեսվարողներ, այդ սխեման գործել է երկար տարիներ։ Նա նշել է, որ գործել են հարկման տարբեր ռեժիմներ ոչ միայն «Երևան Սիթի»-ի, այլև ցանցային առևտրով զբաղվող բոլոր մյուս սուպերմարկետներում։ Իր հերթին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ նախկին կառավարության հետ պայմանավորվածությունները չեն գործելու։ Նա տնտեսվարողներին ասել է, որ պետք է աշխատել նոր կանոններով, օրենքի դաշտում։

Հունիսի 1-ին խոշոր սուպերմարկետների ղեկավարները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և ստեղծված իրադրությունից դուրս գալու համար հանդիպում պահանջել նրա հետ: Նրանք առաջարկել են խնդիրը լուծելու օրենսդրական մեխանիզմներ մշակել: Նամակի տակ ստորագրել են «Երևան սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա», «Կայզեր», «Կրպակ» «Սաս Գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Վաս գրուպ», «Դանիելյան» սուպերմարկետների ցանցերի ղեկավարները:

Բացահայտված խախտումներից հետո հունիսի 1-ին սուպերմարկետներում մսամթերքն ու գյուղմթերքն արդեն վաճառվում է մոտ 20 տոկոս թանկացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս