«Նման բան ես չեմ տեսել Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում». Մասիսի քաղաքապետի պաշտպան

«Ձերբակալվել է 6 անձ, Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա նշեց, որ իրենք դատապարտում են բռնությունը, որ կատարվել է ցուցարարների նկատմամբ, և համարում են, որ դա պետք է բացահայտվի, ու պետք է տրվի ճիշտ գնահատական.

«Ի՞նչ է տեղի ունենում մեր պաշտպանյալների նկատմամբ։ Քննչական կոմիտեն և մի շարք դատավորներ, անտեսելով օրենքի տարրական պահանջները, քրեական դատավարության տարրական հանրաճանաչ նորմերը, ստալինյան մեթոդներով անցել են մարդկանց ձերբակալությունների՝ մեր համոզմունքով՝ շողոքորթելու, դուր գալու նոր իշխանություններին։ Ես իմ կյանքում բախտ եմ ունեցել նոր իշխանությունների ղեկավարներից մարդ պաշտպանելու, ճանաչում եմ այդ մարդկանց ու կարող եմ ասել, որ նման ճանապարհով չեք կարողանալու շողոքորթել, աչքները մտնել։

Լրիվ՝ հակառակը։ Ես համոզված եմ, որ մեր նոր իշխանությունների մոտեցումը, որ չկան զանգեր դատավորներին և իրավապահ մարմիններին, շատ խելացի և խոհեմ մոտեցում էր, որի հետևանքով այդ համակարգը հայտնվել է քաոսի և կոլապսի մեջ։ Անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում դատական համակարգը գործել է ցուցումներով և զանգերով, 20 օր է՝ այդ զանգերը չկան, և մենք տեսնում ենք խայտաբղետ վիճակ»։

Կարդացեք նաև

Տ. Աթանեսյանը պատմեց, որ ինչ-որ «կասկածելի անցյալով, նախկինում դատված մարդիկ, ովքեր իրենց պաշտպանյալների հետ թշնամական հարաբերություններ ունեն, յութուբյան տեսանյութի հիման վրա ցուցմունքներ են տվել, որոնց հիման վրա էլ ձերբակալվել են իրենց պաշտպանյալները». «Հավատացեք ինձ՝ Մարտի 1-ի գործերով նման ձևակերպումներ չեն եղել, քննչական մարմինները նման ապօրինության երբեք չեն գնացել։ Ձևը, որ հիմա է կատարվում, անթույլատրելի է։ Ես գտնում եմ, որ մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության պատճառներից մեկը հենց անարդարությունն էր։ Հիմա այն ոչ միայն չի վերացել, այլև՝ մի այլ կարգի ծաղկում է»։

Փաստաբանը նաև նախաքննության ընթացքից որոշակի մանրամասներ ներկայացրեց. «Վկան, որը մատնացույց է անում Դավիթ Համբարձումյանին և իր ընկերներին, նախկին քաղաքապետի, մրցակցի ծանոթներից և բարեկամներից է։ Նախաքննական մարմինն անգամ չի փորձում այս վկային հարցաքննելուց հետո պարզել՝ ինքն ով է։ Ավելի զավեշտալի բան կա. մեր պաշտպանյալ Արթուր Խանջյանի վրա ցուցմունք է տվել իր հորեղբոր տղան։ Ասել է՝ ես իմ հորեղբոր տղային դիմակով տեսա, գնացի, որ մոտենամ, ինձ ծեծեցին։

Այդ երկու ընտանիքների մեջ վեճ կա պապական տան համար, հենց հիմա կա քաղաքացիական գործ, այսինքն՝ թշնամություն կա, որպեսզի այս հարցը լուծի, հորեղբոր տղան ցուցմունք է տալիս իր եղբոր դեմ։ Ես դատավորին ասում եմ՝ ինչպե՞ս կարող եք դուք սա հիմնավոր համարել, ոչ մի հորեղբոր տղա չի կարող ցուցմունք տալ անգամ ավելի լուրջ հանցագործության դեպքում, ակնհայտ է, որ թշնամի են, ու սուտ է խոսում, ու այդ մարդու ասածների հիման վրա՝ մյուսին ձերբակալել են։ Սա անբարոյական մոտեցում է։ Դուք պետք է պարզեք թշնամության պատճառները, նման վկաների արժանահավատությունը։ Սրանք լինելու են ՄԻԵԴ-ում առաջին գործերը նոր Հայաստանի դեմ։ Սա պետք է կանխել»։

Նա նշեց, որ Դ. Համբարձումյանը մեղադրվում է նաև զանգվածային անկարգություն կազմակերպելու և մասնակցելու մեջ. «Ծիծաղելի է, բայց հիմքն ընդամենն այն է, որ ինչ-որ մեկը հայտարարել է՝ «էս տղերքն առանց Դավիթի ասելու՝ ոչ մի բան չէին անի»։ Եվ սա բավարար է զանգվածային անկարգություն կազմակերպելու մեջ մարդուն  մեղադրելու համար։ Սա նշանակում է՝ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկել, սա հանցագործություն է։ Ես ապշած եմ, նման բան ես չեմ տեսել Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում»։

Հարցին՝ այսինքն՝ այս ամենը դուք կապում եք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հե՞տ, Տ. Աթանեսյանն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե ոչ։ Ես սա կապում եմ հին մնացորդների հետ, որոնք փորձում են շողոքորթել նոր իշխանություններին»։

Տեսանյութեր

Լրահոս